You are viewing [info]equivocus's journal

eye of horus

հետՄՈՒԲԱՐԱՔյան Եգիպտոսը

Շատ գրվեց ու խոսվեց Եգիպտոսի դեպքերի ու այստեղ տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, բայց ինչպես ասում են` «լավ է մեկ անգամ տեսնեք, քան 1000 անգամ լսես» ու կարդաս: Քիչ առաջ եմ վերադարձել Թահրիրի հանրահռչակ հրապարակից, որը այստեղ ժողովուրդը կոչել է նաև «Նահատակաց հրապարակ» (meydan al shuhada): Հրապարակի մասին կխոսեմ ստորև, իսկ հիմա սկսեմ Ալեքսանդրիայից, որը առաջին հանգրվանս էր:

 

Օդանավակայանում ժողովուրդը կարծես զարմացած էր տեսնել արտասահմանցու, քանզի հետմուբարաքյան Եգիպտոսը կանգնել է զբոսաշրջային ճգնաժամի առջև: Հազվադեպ հանդիպվող զբոսաշրջիկները արդեն դարձել են յուրահատուկ արժեք տեղացիների համար, որոնք ավելի ջերմորեն են ողջունում նրանց: Մեկ օր որոշել էի մնալ Ալեքսում ու ըմբոշխնել Միջերկրական ծովի ալիքների գեղեցկությունը: Կյանքը քաղաքում ընթանում էր բնականոն հունով, ինչպես միշտ մեքենայաշատ ու մարդաշատ, միայն այն տարբերությամբ, որ գիշերը ժամը 2-ից հետո այդ բոլորը իրենց տեղը զիջում են բանակին, քանի որ դեռևս գործում է պարեկային ժամը:

Հաջորդ օրը որոշել էինք ընկերոջս հետ առավոտյան վերադառնալ Կահիե, բայց չկարողացանք, քանի որ ինչ-որ մարդիկ չգիտես ինչու փակել էին Կահիրե տանող մայրուղին և սկսել էին ջարդել մեքենաներ: Այդպես էլ չկարողանալով պարզել հանգամանքները` ցերեկը վերադարձանք Կահիրե: Վճարովի անապատային ճանապարհին, ի զարմանս ինձ, մի քանի տեղ կարելի էր հանդիպել փողոցային վաճառակետեր, որտեղ վաճառում էին զանազան ձեռնափայտեր կամ դուբինկաներ և այլ պաշտպանական միջոցներ` տարբեր չափսերի ու գույնի: Մի տեղ անգամ զարմանքս ավելի շատացավ, եբ նկատեցի, որ վաճառվում է ոստիկանի համազգեստ, որը յուրաքանչյուր ցանկացող մի քանի ֆունտով կարող էր ձեռք բերել ու «վայելել» ոստիկան լինելու «հաճույքը»:

Կահիրեն ինձ դիմավորեց իր աննկարագրելի խցանումներով: Առաջին հայացքից փորձում էի գտել ինչ-որ փոփոխությունները: Ամենը նույնն էր: Փոխվել էր միայն մթնոլորտը` զգացական մթնոլորտը: Գրեթե անխտիր մեքենաների ապակիներին և ամեն երևացող տեղում Եգիպտոսի դրոշներ են, «Հունվարի 25» պիտակներ և այլ հայրենասիրական ոգով գրված արտահայտություններ: Մուբարաքի և ոչ մի նկար չկարողացա գտնել քաղաքում, իսկ նրա անունը կրող մետրոյի կայանը վերափոխվել է վերըհիշատակված «Նահատակաց կայանար»: Անգամ ցուցափեղկերից ու պաստառեների վրայից ջնջվել կամ կտրվել էր նրա անունը: Այստեղ շատ հայտնի Մուբարաք գրադարանների ցուցափեղկերին կարելի է գտնել սև հատվածներ, որոնց տակ մաքրելու պարագայում կգտնես Մուբարաք բառը:

Փողոցներում տեղադրվել էին գեղեցիկ կանգառներ, ոստիկանները արդեն դուրս են եկել հերթապահության, լուսացուցյցերի քանակը ավելացել է ու Նեղոսն էլ կարծես նոր խանդավառությամբ է հոսում դեպի Միջերկրական:

Մինչ կհասնեի Թահրիր հրապարակ, անհամբերությունից պայթում էի` տեսնելու այն նորովի ու պատմություն կերտած: Կենտրոնում` կանաչապատ փոքրիկ հատվածում հավաքված էին մարդիկ, որոնք խումբ-խումբ նստած էին գազոնին: Մի քանիզը զրուցում էին, մյուսները թեյ խմում, մի հատվածը քննարկում էր քաղաքական իրավիճակը, իսկ մարդկային կուտակումից օգտվող տարատեսակ իրերի, հյութերի, քաղցրավենիքի վաճառականները իրենց գրպաններն էին հարստացնում մի քանի կոպեկով: Հրապարակին հարող բոլոր ծառերի բներին, շենքերի ու շինությունների պատերին ներկված էր Եգիպտոսի եռագույնը, գրված էին տարաբնույթ մակագրություններ, ականատեսների մեկնաբանություններ և այլն:

Ամբողջ քաղաքում ավելացել էին առանջ հիջաբի (գլխաշոր) աղջիկների ու կանանց քանակը, որը, ըստ ընկերներիս մեկնաբանության, հեղափախության արդյունքն է, ինչպես նաև բողոք իսլամական ուժերին այն պնդումներին, թե Եգիպտոսը պետք է դառնա իսլամական թեոկրատական պետություն: Հասարակությունը գրեթե ամբողջապես քաղաքականացված է, իմա յուրաքանչյուր ոք խոսում է միայն քաղաքականությունից, Մուբարաքի, իր ընտանիքի և շրջապատի դատավարություններից` չխնայելով հայհոյանքների շարքը նրանց մասին պերճախոսելու համար: Առաջիկա նախագահական ընտրություններին, ինչպես հասկացա, կընտրվի ԱՊԼ նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան, ով, ըսկ իմ կողմից անցկացված փոքրիկ հարցման արդյունքում հավաքեց 100% արդյունք:

Նեղոսի ափին տեսա իմ վաղեմի բարեկամ «շաաբի» (տեղի քյարթու) ընկերներիս, որոնց հանդիպել է 3 տարի առաջ և ընկերացել փոքրիկ ընդհարումից հետո: Մարդիկ ուրախ էին, որ մասնակից են եղել պատմական հեղափոխությանը և դրանից հետո նոր բառեր ու տերմիններ են ի հայտ եկել, որոնցով մարդիկ ինքնաբնորոշում են տալիս ու հպարտանում:

Հայկական համայնքից տուժել են 2 հոգի` Շահէն Շիմշիտեանը (ում անձամբ ճանաչում էի) և Մուշեղ Կէրիկեանը, որոնք սպանվել են կառավարության կոլապսից հետո առաջ եկած բանդիտիզմի ու ավազակային հարձակումների պատճառով:

Հյուրանոցները կիսադատարկ են, զբոսաշրջիկները հազվադեպ, իսկ մարդկանց հույսերը դեպի վառ ու պայծառ ապագա` նախանձելի:

Կյանքը ու կյանքի ընձեռնած հնարավորությունները հրաշալի են…

Շարունակելի…

 

Comments

Էս ինչ լավ ես գրել: Հազար հատ պաշտոնական լրատվություն արժեր:
շնորհակալություն, կձգտեմ մշտապես թարմ ու հավաստի տեղեկություններ գրել.
Բա,․․․ էս էլ Եգիպտոսը․․․
:)
Էլի գնացի՞ր:
հա Վարուժ ջան, էլի :)
Բարևներ հոն տեղ։ Երկա՞ր ես մնալու :)
այո, երկար, անպայման կբարևեմ :Ճ

Tags